21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վաղվանից Թուրքիայի մշակույթի նախարարության ինտերնետային էջում հնարավոր կլինի պատվիրել «Հայկական հարց` անհիմն մեղադրանքներ եւ փաստեր» լազերային կոմպակտ-սկավառակը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, սկավառակը պատրաստված է Թուրիքայի մշակույթի նախարարության, Պատմության ինստիտուտի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում աշխատող Forsnet ընկերության կողմից: Սկավառակը պատրաստված է թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով:
Թուրքիայի Մշակույթի նախարար Իսթեմիհան Թալայը հայտարարել է, որ «այդ սկավառակը պատասխան է «այսպես կոչված» հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին»: Նրա խոսքերով, այն կներկայացնի միջազգային հանրային կարծիքին «իրականությունը» տվյալ խնդրի վերաբերյալ:
Իսթեմիհան Թալայը նաեւ հայտարարել է, որ «հայ եւ թուրք ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամության եւ համերաշխության մեջ, մինչեւ «բաժանիր եւ իշխիր սկզբունքը որդեգրած հզոր տերությունների միջամտությունը»: