Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ստորագրեցին համագործակցության եռակողմ հուշագիր՝ նվիրված «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 2011 թվականի մրցանակաբաշխությանը։
Ինչպես 2010-ին, այնպես էլ այս տարի միջոցառումը կրկին հովանավորելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ հատկացնելով 22 միլիոն դրամ։ Միջոցառման կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը։
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այս միջոցառման հիմնական առաքելությունը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումն է: «Նախորդ տարի այս միջոցառման շրջանակում ընտրվեց Ինտել ընկերության նախագահ Գրեգ Բարետտը, ով այցելեց Հայաստան և հսկայական աշխատանք կատարեց Հայաստանի ՏՏ ոլորտում»,- ասաց Մուսայելյանը։
«Այս միջոցառումն ուղված է ՏՏ բնագավառում մրցունակ լուծումներ մշակելուն։ Այս ոլորտը խթանելով՝ մենք զարգացնում են նաև տնտեսական և այլ ոլորտները»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը։
Արա Վարդանյանի խոսքով այս միջոցառման շրջանակում ընտրում են Համաշխարհային ՏՏ ոլորտի ամենաազդեցիկ և հայտնի դեմքերից.«Այժմ մենք ունենք 5 թեկնածու։ Համաշխարհային այս հսկաները բազմազբաղ են և արդեն ունեն առաջիկա 3 տարվա իրենց այցելությունների ժամանակացույցը։ Մենք համաձայնեցնում ենք Հայաստան այցերի գրաֆիկը։ Նմանատիպ մրցանակները ոչ միայն բարձրացնում են Հայաստանի վարկանիշը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլև խթան հանդիսանում հայ մասնագետների առաջխաղացման համար»։
Ըստ Արա Վարդանյանի, թեկնածուին ընտրելու են տարվա ՏՏ ոլորտի ձևաչափին և իրադարձություններին համապատասխան։ Թե ովքեր են այդ 5 թեկնածուները, ընկերությունների ղեկավարներն առայժմ գաղտնի կպահեն։






