Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության հետագա աճի համար խոչընդոտ է հանդիսանում տրանսպորտային մեծ ծախսերը: Այս մասին Երեւանում կայացած ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերով` երկու պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը հիմնականում իրականացվում է ավիատրանսպորտային միջոցներով, ինչը հանգեցնում է ապրանքների թանկացմանը: Այդ առումով, ընդգծել է Ռուսաստանի նախարարը, կենսական խնդիր է Ռուսաստանը Հայաստանի հետ կապող վրաց-աբխազական երկաթգծի բացումը: Իր հերթին, Հայաստանի կողմից ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե երկու տարի առաջ վրաց-աբխազական երկաթգծի ապաշրջափակման շուրջ բանակցությունները ոչ մի բանի չէին հանգեցրել, ապա այժմ կարելի է վստահ խոսել տվյալ խնդրի լուծման իրական հնարավորության մասին: