Չնայած նրան, որ Հայաստանում տարիներ շարունակ նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը, այնուամենայնիվ, սպառողների իրավունքները Հայաստանում խախտվում են բոլոր ոլորտներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Լուսինե Յագուբյանը: Նա կոչ է արել քաղաքացիներին «մի կողմ դնել լուռ անտարբերությունն» ու առավել ակտիվ պաշտպանել սեփական իրավունքները: Ըստ փորձագետի, իրավունքների ու պարտավորությունների ոլորտում առանց գրագիտության մակարդակի բարձրացման հնարավոր չէ բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ինչպես ասել է Լուսինե Յագուբյանը, բնակչության գրագիտության բարձրացման նպատակով կազմակերպությունը նախաձեռնում է մի շարք միջոցառումներ՝ սեմինարներ, քննարկումներ, բուկլետների տարածում:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշել է, որ ամենից շատ սպառողների իրավունքները խախտվում են հանրային ծառայությունների ու առևտրի ոլորում: Մասնավորապես, նա նշել է այն քայլերը, որ կազմակերպությունը ձեռնարկեց 2006-2007թթ. Beeline-ի կողմից չհիմնավորված պարտքերի մարման գործում: Ըստ նրա, ՀՀ «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքի համաձայն առևտրի կետերը պարտավոր են 14 օրվա ընթացքում փոխանակել ապրանքը, որը չի համապատասխանում սպառողի պահանջներին (օրինակ, հագուստի կամ կոշիկի չափը), կամ փոխհատուցել ապրանքը, որը չի համապատասխանում իր ապրանքային որակին: «Սակայն, փոքր խանութներից շատերում նույնիսկ ցուցանակ կա՝ գնված ապրանքը ետ չի վերցվում»,-ասել է Չիլինգարյանը:
Մարտի 15-ին աշխարհում նշում են Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը:






