AM
16 Մարտ 2011 - 08:27 AMT

Ֆինանսական հաշտարարը և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն միասին կպաշտպանեն ՃՏՊ ժամանակ տուժածների իրավունքները

Մարտի 1-ին Ֆինանսական հաշտարարի գրասենյակը և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակներում բարձրացվելու է երկու կառույցների աշխատանքի արդյունավետությունը ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության հարցում: Ինչպես հայտնել է մարտի 16-ին Երևանում ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, համաձայնագրի նպատակն է տեղեկատվության փոխանակությունը, ինչը թույլ է տալու երևան հանել առաջացող խնդիրները, բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը, ինչպես նաև ապահովել տուժած կողմի իրավունքների պաշտպանությունը: Փիրուզ Սարգսյանի խոսքերով, տարեսկզբից հաշտարարի գրասենյակ է ստացվել 29 բողոք, գրավոր տեսքով` միայն 2-ը, ինչը վկայում է ապահովագրական ընկերությունների բարձր պատասխանատվության մասին:

Իր հերթին, Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, կարևորելով այդ համագործակցությունը, նշել է, որ «այդ համաձայնագիրը թույլ կտա ազդակներ ստանալ բյուրոյի կողմից մշակված նորմերի իրագործման մասին և բացահայտել ԱՊՊԱ գործըթնացում բացթողումները և խախտումները»: