Հայաստանը և Վրաստանը նախատեսում են համագործակցել տրանսպորտային ոլորտում: Մարտի 18-ին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Երևանում ստորագրել են «Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում փոխըմբռնման և համագործակցության մասին» հուշագիր: Վարդանյանի խոսքերով, Վրաստանում առաջին կարգի ճանապարհների կառուցման մեծ փորձ կա, որի հետ ցանկանում է ծանոթանալ Հայաստանը: Միաժամանակ, նա նշել է, որ անհրաժեշտություն կա համակարգել երկու երկրներում ճանապարհների շինարարությունը` հաշվի առնելով ճանապարհային շինարարության այնպիսի տարածաշրջանային նախագծեր, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում Խուլո լեռնանցքի միջով ավտոճանապարհի կառուցումը: Այն կարճացնելու է Հայաստանից Բաթումի ճանապարհը 200 կմ-ով: «Մենք ոչ միայն գործընկերն ենք, այլ նաև մտերիմ ընկերներ: Հուսով եմ, որ դա կօգնի մեր նախարարությունների միջև համագործակցությանը»,- ասել է Վարդանյանը
Իր հերթին, Նիկոլաիշվիլին հաղորդել է, որ Հայաստանն իրական ժամանակում տեղեկատվություն է ստանալու Լարսի ՀԱԿ-ում ճանապարհի իրավիճակի մասին, որպեսզի կարողանա կառավարել իր բեռնափոխադրումները: Վրաստանը նախատեսում է վերականգնել Լարս ՀԱԿ-ի ճանապարհը, քանի որ դա շատ կարևոր ճանապարհ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Նա նաև ասել է, որ հայկական և վրացական ընկերությունները կարող են մասնակցել երկու երկրների ճանապարհաշինության մրցույթներին: Դրա հետ կապված` Նիկոլաիշվիլին նշել է, որ եթե ճանապարհի շինարարության արժեքը գերազանցի 2 մլն դոլարը, ապա Վրաստանն անպայման կհայտարարի միջազգային մրցույթ:






