AM
18 Մարտ 2011 - 13:36 AMT

ԵՄ-ն կօգնի Հայաստանին շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգի ներդրման հարցում

Հայաստանը ԵՄ հետ քննարկել է շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, դրոշմապիտակների մասին օրենքի նախագիծը հետ կկանչվի Ազգային ժողովից, իսկ ԵՄ գործընկերների հետ կսկսեն լուծել շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը:

Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ այդ համակարգն այսօր Եվրոպայում կիրառվում է, և դա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակները կհաշվառվեն այդ միասնական համակարգով: «Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը:

2010 թվականին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դրոշմապիտակներով մագնիսային կրիչների պարտադիր նշագրման մասին» օրինագիծը, որը մասնագետների կարծիքի համաձայն, խոչընդոտում է հեղինակային և այլ իրավունքների իրացմանը: