AM
23 Մարտ 2011 - 07:16 AMT

Արթուր Աբրահամ. Իսկական չեմպիոնը միշտ կարող է վերադարձնել իր տիտղոսը

Մայիսի 14-ին Կարսոնում (Կալիֆորնիա) տեղի է ունենալու «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտը երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի և միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնԱրթուր Աբրահամի միջև, հաղորդում է allboxing.ru-ն:

«Ես պատրաստ եմ ռինգ վերադառնալ և կիսաեզրափակիչ շարքը սկսել Արթուր Աբրահամի դեմ մենամարտով: Ես ընդամենը մի քայլով եմ ետ մնում եզրափակիչից և այն բանին հասնելուց, ինչի համար եկել եմ այս մրցաշար` հաղթելու և երկրորդ միջին քաշային կարգում լավագույն բռնցքամարտիկ դառնալու համար: Արթուրը շատ երկրպագուներ կունենա Լոս Անջելեսի մեծ հայկական սփյուռքի շնորհիվ, բայց ես նույնպես շատ երկրպագուներ կունենամ»,- ասել է Ուորդը:

Աբրահամն իր հերթին նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում Ուորդին. «Նա ապացուցել է, որ բարձրակարգ մարզիկ է և հաղթել է շատ ուժեղ մրցակիցների: Բայց ռինգում դա կարևոր չի լինի: Ես պատրաստ եմ վերադառնալ: Իսկական չեմպիոնը պետք է կարողանա վերադառնալ պարտությունից հետո և վերականգնել իր տիտղոսը: Անհամբերությամբ սպասում եմ մայիսի 14-ին»: