Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ «Ամբեր» ավանդական շախմատային 20-րդ մրցաշարի հաղթող, որը մարտի 11-25-ը տեղի ունեցավ Մոնակոյում:
Արոնյանը 11 տուրերում հավաքեց 15.5 միավոր և երրորդ անգամ դարձավ այդ մրցաշարի հաղթող: Նա «Ամբերի» մրցանակ ստացել է 2008-ին և 2009-ին:
Վերջին տուրում արագ և «կույր» շախմատի երկու պարտիաներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, բայց դա չխանգարեց նրան առաջ անցնել Մագնուս Կարլսենից (Նորվեգիա), որը 14.5 միավորով ավարտեց ելույթը 2-րդ տեղում: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) երրորդ տեղում է:
Արոնյանն առաջին էր նաև «կույր» շախմատում (8 միավոր): Իսկ արագ շախմատում նա զբաղեցրեց երկրորդ տեղը:
«Ամբերի» ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 227 հազար եվրո:






