AM
1 Ապրիլ 2011 - 09:12 AMT

Pepsi-ն մտադիր է պայքարել Coca-cola-ի հետ հայկական շուկայի համար

«PepsiCo» զովացուցիչ և բնական հյութերի նոր գործարանի ղեկավարությունը մտադիր է ակտիվ մրցել շուկայի առաջատար ընկերության` «Coca-cola»-ի հետ: «Մինչև հիմա մրցակցությունը եղել է մեր մրցակիցների օգտին Հայաստանում արտադրության բացակայության պատճառով, եղել է այլ ռազմավարություն, ուստի շուկայում կա ընկերություն, որը գերիշխող դիրք է զբաղեցնում` 65 տոկոս»,- ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության բիզնես-խորհրդատու ԷդգարՂազարյանը:

«Ջերմուկ International» ընկերությունը, որը Հայաստանում «PepsiCo» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, նոր գործարան է բացում, որը շահագործման է հանձնվելու 2011-ի մայիսին: Գործարանում արտադրվելու է «Pepsi Cola», «Mirinda», «7UP», «Mountain Dew» և «Aquafina», ինչպես նաև «PepsiCo» ապրանքանիշի բնական հյութեր:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն շուկայում PEPSI հյութերը չեն գերազանցում 10 տոկոսը:

Ինչ վերաբերվում է գնային քաղաքականությանը, ապա Ղազարյանը հավաստիացրել է, որ այսօր գործում են օպտիմալ մրցակցային գներ նույնիսկ ներկրման պարագայում, և գների զգալի փոփոխություն չի նախատեսվում: «Մեր ռազմավարությունը հիմնվելու է ոչ թե գնային քաղաքականության, այլ ուրիշ մոտեցումների վրա, ինչը թույլ կտա հաստատել մեր դիրքերը շուկայում»,- հավելել է նա: