AM
1 Ապրիլ 2011 - 09:56 AMT

ՀՀ վարչապետը և Շվեյցարիայի նախագահը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի հանդիպումը։

Բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։ Շվեյցարիայի նախագահի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները։ Անդրադարձ է արվել մեր երկրում իրագործվող բարեփոխումների ընթացքին ու տարածքների համաչափ զարգացման Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարությանը։

Վարչապետ Սարգսյանը և Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից և քննարկել տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի օգտագործումը, ինչպես նաև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում։ Կողմերն ընդգծել են կրթության բնագավառում երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև կապերի սերտացման և ուսանողների փոխանակության ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հայ-շվեյցարական գործակցության խորացման համատեքստում քննարկվել են Շվեյցարիայի կողմից փորձագիտական օժանդակության տրամադրման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: