Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության մակարդակը մեծապես ետ է մնում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության մակարդակից: Այդ մասին, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երեք հանրապետություններ կատարած այցը պայմանավորված էր գործնական տեսանկյունից հարմարությամբ: Բացի այդ, ավելացրել է նախարարը, եթե այդ մակարդակի պաշտոնատար անձն այցելում է տարածաշրջան, ապա բնական է, որ պետք է կայանան նրա այցելությունները բոլոր երեք հանրապետություններ, այլ ոչ թե որեւէ մեկ պետություն: