AM
7 Ապրիլ 2011 - 04:31 AMT

Ռոման Ամոյանը խոստովանել է, որ Եվրոպայի առաջնությունն իր համար շատ հեշտ ստացվեց

Հունա-հռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55կգ ք/կ), որը վերջերս իր տիտղոսներին ավելացրեց ևս մեկ Եվրոպայի չեմպիոնություն, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջնությունն իր համար շատ հեշտ ստացվեց:

«Ճիշտ է, ես մի քանի լավ ըմբիշների հետ մրցեցի, բայց դժվարություններ չզգացի: Պատասխանատվություն էի զգում կիսաեզրափակչում ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ մենամարտում, բայց նրան նույնպես կարողացա հաղթել»,- ասել է նա:

Ռոմանը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակներ գրանցեց` մրցակիցներին չթողնելով ոչ մի միավոր: Իսկ եզրափակչում նա ստիպված եղավ մենամարտել վնասվածքով: «Եզրափակչում գլխիս վնասվածքը զգացնել էր տալիս, գլուխս շատ էր ցավում, բայց ես ամենագլխավորի` չեմպիոնության մասին էի մտածում և ջանում ուշադրություն չդարձնել վնասվածքին»»,- նշել է մարզիկը:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում և վարկանիշային է լինելու, կխաղարկվեն 2012 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: «Հուսով եմ, որ աշխարհի առաջնությանը լավ մարզավիճակում կլինեմ և կկարողանամ ինձ լավագույնս դրսևորել»,- խոստովանել է Ամոյանը: