AM
19 Ապրիլ 2011 - 12:11 AMT

Դավիթը Քեյթ Բեքինսեյլին համարում է ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, իսկ Էդգարը սիրում է Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը

(?)Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին հանդիպումը մեր հավաքականն անցկացրել է Իռլանդիայի դեմ, իսկ վերջինը` Ռուսաստանի: Ի՞նչ կարող եք ասել այդ խաղերի մասին:

(!)Դավիթ. Իռլանդացիների հետ խաղը մեկնարկային էր, և մրցակիցը շատ անհարմար էր մեզ համար: Մեր հավաքականի համար ավելի հեշտ է խաղալ Սլովակիայի հավաքականի դեմ, որը մեզ նման ցուցադրում է հարձակողական ֆուտբոլ, քան իռլանդացիների հետ: Ռուսաստանի հետ խաղը շատ լարված էր, դրան գումարվել էր նաև խաղի շուրջ ստեղծված հսկայական իրարանցումը, որը, իմ կարծիքով, չափից շատ էր:

Էդգար. Իռլանդիայի դեմ առաջին խաղում մենք չէին գիտակցում, որ կարող ենք ցույց տալ գեղեցիկ և հաղթական խաղ: Բայց լավ հանդես եկանք, որից հետո բոլոր խաղերում զգացինք, որ առաջընթաց ենք ապրում: Բայց ահա Ռուսաստանի հավաքականի դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար, քանի որ յուրաքանչյուր վաստակած միավոր խմբում լավ տեղ զբաղեցնելու մեծ շանս է տալիս:

(?)Էդգար, դու ռուսների դեմ խաղում փոխարինման դուրս եկար, իսկ դու, Դավիթ, հետևում էիր խաղին Գերմանիայից, որտեղ բուժվում էիր վնասվածքից հետո: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է ակնկալել Սանկտ-Պետերբուրգում կայանալիք պատասխան խաղից:

(!)Դավիթ. Ինձ համար շատ դժվար էր խաղը հեռուստացույցով դիտելը: Սլովակիայի և Անդորրայի հետ հանդիպումներին ես հետևել եմ տրիբունայից և թեկուզ այդ կերպ տղաների հետ էի: Իմանալով մեր հավաքականի իրական ուժը` կարող եմ ասել, որ Ռուսաստանի դեմ մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ: Իսկ պատասխան խաղից ակնկալում եմ միայն 3 միավոր:

Էդգար. Ինձ համար դժվար էր հետևել իմ ընկերների խաղին պահեստայինների նստարանին նստած: Մենք ցանկանում էինք օգնել և ինչ-որ բանով օգտակար լինել: Ռուսաստանի հավաքականն անպարտելի թիմերից չէ, և Սանկտ Պետերբուրգում կարելի է դրական արդյունքների հասնել:

(?)Հիշո՞ւմ եք, թե երբ եք նշել ձեր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, և գործընկերներից ո՞վ է թիմում ձեզ օգնել:

(!)Դավիթ. Հավաքականի համար առաջին խաղը ես անցկացրել եմ Կիպրոսում Լատվիայի հավաքականի դեմ, խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այդ օրը հավաքականում մի քանի նորեկներ կային՝ Արսեն Բալաբեկյանը, Սարգիս Կարապետյանը և Արտակ Դաշյանը, բոլորը մեզ շատ օգնել են, և մեզ մոտ ոչ մի լարվածություն չի զգացվել, և մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրել:

Էդգար. Եթե չեմ սխալվում, ես իմ նորամուտը նշել եմ Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2003-ին ընկերական խաղում: Այդ ժամանակ ես 17 տարեկան էի, և իհարկե, հուզվում էի, բայց ինձ հաջողվեց հուզմունքս հաղթահարել:

(?)Շատերին թվում է, որ մարզիկ լինելը շատ հեշտ է, բոլորը ճանաչում և սիրում են քեզ, բայց իրականում ի՞նչ է տալիս ուշադրության կենտրոնում լինելը և ի՞նչ եք սովորաբար ստիպված լինում զոհաբերել:

(!)Դավիթ. Իհարկե, մարզիկները շատ դժվար, բայց միևնույն ժամանակ հաճելի կյանք ունեն: Եթե ցանկանում ես հասնել ինչ-որ բանի, շատ բաներ պետք է զոհաբերես: Երբեմն չես կարող հանդիպել ընկերներիդ հետ, ժամանակ անցկացնել այնպես, ինչպես ուզում ես: Խաղից առաջ պետք է տանը մնաս, չօգտագործես ֆասթ-ֆուդ, կոկա-կոլա կամ ոգելից խմիչքներ: Կարծում եմ, եթե ամեն ինչ չափի մեջ անես, կարող ես հասնել արդյունքի:

Էդգար. Ֆուտբոլիստի կյանքը հաճելի է, բայց միևնույն ժամանակ դժվար: Ֆուտբոլի լավ կողմն այն է, որ համառ աշխատանքի դեպքում դու շատ բանի կարող ես հասնել, իսկ վատ կողմը, որ ֆուտբոլում կարելի է բազմաթիվ վնասվածքներ ստանալ: Բայց ֆուտբոլիստը պետք է առանձնանա տարաբնույթ դժվարությունները հաղթահարելու կարողությամբ;

(?)Նկարագրեք ֆուտբոլիստի օրը, ինչպե՞ս է այն սկսվում:

(!)Դավիթ. Ամեն ինչ կախված է սովորույթներից և յուրաքանչյուր մարդու կենսակերպից: Անձամբ ես փորձում եմ շուտ արթնանալ և շուտ պառկել քնելու: Միշտ նախաճաշում եմ, մեծ ուշադրություն եմ դարձնում սնունդին,մարզվում եմ, հանգստանում, իսկ երբ ազատ ժամանակ է լինում, հանդիպում եմ ընկերներիս հետ և փորձում հանգստանալ:

Էդգար. Իհարկե, օրը սկսվում է մարզումներից: Շատ հաճախ ես առանձին եմ մարզվում, աշխատում եմ սխալներիս վրա և փորձում բարելավել իմ խաղային որակները: Երբեմն էլ ուղղակի հանգստանում եմ:

(?)Ձեր ընտանիքի անդամներից ո՞վ է ձեզ խորհուրդներ տալիս կամ քննադատում ձեր խաղը:

(!)Դավիթ. Իմ ամենամեծ քննադատը հայրս է, իսկ հիմա նրան միացել է նաև կրտսեր եղբայրս, նա ինձ խորհուրդներ է տալիս և միշտ պնդում, որ ես խաղում եմ իմ հնարավորությունների 60 տոկոսի չափով:

Էդգար. Ինձ խորհուրդներ տալիս է մայրս, քննադատում՝ հայրս:

(?)Դուք եղել են տարբեր երկրներում, ձեր կարծիքով, Հայաստանն ինչո՞վ է տարբերվում այլ երկներից:

(!)Դավիթ. Հայաստանում մարդիկ հաճախ են խառնվում ուրիշների կյանքին, դա էլ, իմ կարծիքով, ամենամեծ տարբերությունն է:

Էդգար. Հյուրընկալությամբ: Արտասահմանում ուրիշ մտածողություն է: Ես 6 տարի ապրել եմ Եվրոպայում, բայց դա չի ազդել ինձ վրա, իմ հայացքները չեն փոխվել:

(?)Ի՞նչ է մտնում ձեր ճաշացուցակի մեջ, ի՞նչ եք սիրում ուտել հավաքների ժամանակ և տանը:

(!)Դավիթ. Շատ եմ սիրում լազանյա, բայց ընդհանրապես ես սիրած ճաշատեսակներ չունեմ: Հավաքների ժամանակ ուտում եմ այն, ինչ մյուսները:

Էդգար. Հավաքների ժամանակ բոլորս միանման ուտելիք ենք ուտում, իսկ ընդհանրապես սիրում եմ հայկական և ասիական խոհանոցները:

(?)Ո՞ր ֆիլմը խորհուրդ կտայիք անպայման դիտել մեր ընթերցոցներին:

(!)Դավիթ. Հավանաբար, «Հիշիր ինձ»:

Էդգար. Վերջին ֆիլմերից մեկը, որը դիտել եմ և շատ է դուրս եկել, «Էքսպերիմենտն» է, և դա խորհուրդ կտայի դիտել:

(?)Իսկ ո՞վ է ձեր սիրած դերասանուհին:

(!)Դավիթ. Ինձ դուր է գալիս Քեյթ Բեքինսեյլը, նրան համարում եմ ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

Էդգար. Սիրում եմ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը:

(?)Սիրո՞ւմ եք գնումներ կատարել և շա՞տ ժամանակ եք հատկացնում դրան:

(!)Դավիթ. Եթե ինչ-որ բան դուրս գալիս է, իսկույն գնում եմ, բայց սովորաբար հատուկ չեմ գնում գնումների:

Էդգար. Սիրում եմ խանութներ այցելել և նոր իրեր գնել, բայց դրան շատ ժամանակ չեմ հատկացնում:

(?)Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հայաստանում գործում է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրություն:

(!)Դավիթ. Դրական, ավտովթարներից հետո տհաճ վեճեր չեն լինի:

Էդգար. Կարծում եմ, որ դա պարտադիր է, քանի որ բոլոր երկրներում կա նման օրենք:

(?)Կա՞ ինչ որ հեռուստատեսային հաղորդում, որին միշտ հետևում եք:

(!)Դավիթ. Սովորաբար, երբ այս կամ այն հաղորդումը դիտում են ընտանիքիս մյուս անդամները, ես միանում եմ նրանց, բայց նախընտրելի հաղորդումներ չունեմ:

Էդգար. Երբ ազատ եմ, սիրում եմ դիտել «Երևանը» և «Կարգին հաղորդումը»:

(?)Ի՞նչ է ձեր շան անունը:

(!)Դավիթ. Ես շուն չունեմ (ծիծաղում է):

Էդգար. Դեզի:

(?)2010-ի աշխարհի առաջնությունը երեք հիմն է ունեցել, ո՞րն է ձեզ ամենից շատ դուր եկել:

(!)Դավիթ. «Waving flag» և «Waka-Waka»:

Էդգար. Ինձ շատ դուր է գալիս Շակիրայի «Waka-Waka» երգը:

(?)Կարո՞ք եք հիշել Անդորրայի հավաքականի մարզչի անունը, որը մի խմբում հանդես է գալիս մեր հավաքականի հետ:

(!)Դավիթ. Ոչ, չեմ հիշում:

Էդգար. Անկեղծ ասած, ինձ առաջին անգամ են նման հարց տալիս (Կոլդո Ալվարես` խմբ. դիտ.):

(?)«Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից ո՞վ է 1972-ին դարձել Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

(!)Դավիթ. Արկադի Անդրեասյանը և Հովհաննես Զանազանյանը:

Էդգար. Զանազանյանը և Անդրեասյանը:

(?)Իսկ հիմա, տղաներ, պետք պատասխանեք միմյանց մասին հարցերին: Դավիթ, քանի՞ տարեկան էր Էդգարը, երբ սկսեց հանդես գալ հոլանդական «Այաքսում» և ո՞ր լեգենդար ակումբի դեմ անցկացրեց առաջին ընկերական խաղը:

(!)Դավիթ. Հավանաբար 16-17 տարեկան, իսկ ակումբը կարծես թե «Բարսելոնան» էր (18 տ՝ խմբ. դիտ.):

(?)Քանի՞ խաղ է ազգային հավաքականի կազմում անցկացրել Էդգարը և քանի՞ գոլ է խփել:

(!)Դավիթ. Խփել է 5 գոլ, բայց խաղերի քանակը չեմ հիշում (26 խաղ՝ խմբ. դիտ.):

(?)էդգար, ե՞րբ է ծնվել Դավիթը:

(!)Էդգար. 1990-ին, բայց օրը չեմ հիշում:

(?)Հայաստանի Սահմանադրության օրը:

(!)Էդգար. Ուրեմն հունիսի 5-ին:

(?)Ո՞ր թիմի դեմ է Դավիթը նշել նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում, երբ դաշտում քեզ է փոխարինել:

(!)Էդգար. Բելառուսի դե՞մ: Եթե իմանայի, որ նման հարցեր եք տալու, կպատրաստվեի (ծիծաղում է): Չէ, հիշեցի, Լատվիայի դեմ:

(?)Եվ վերջին հարցը: Ինչպե՞ս եք գնահատում ԵԱ խմբային փուլը հաղթահարելու մեր հավաքականի շանսերը:

(!)Դավիթ. Բոլորը տեսել են, որ մենք շատ լավ հավաքական ունենք, և ոչ մի արդարացում չի օգնի, եթե մենք չկարողանանք դուրս գալ խմբից: Մինչև այդ խոսում էին, որ խմբում երրորդ կամ չորրորդ տեղը լավ արդյունք է, իսկ հիմա ուղղակի պահանջում են դուրս գալ Եվրոլպայի առաջնություն:

Էդգար. Շատերը կարծում են, որ անհնար է դուրս գալ ԵԱ եզրափակիչ փուլ, բայց ես այդպես չեմ մտածում: Եթե Լատվիայի հավաքականը խաղացել է Եվրոպայի առաջնությունում, ապա ինչո՞ւ մենք չենք կարող դա անել: