AM
22 Ապրիլ 2011 - 08:04 AMT

Պողոս Պողոսյան. Մենք ժամանակ ունենք, որպեսզի ծանրամարտի աշխարհի առաջնությունից առաջ շտկենք սխալները

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր 8 ծանրամարտիկներով 7 մեդալ նվաճեց. Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արայիկ Միրզոյանը (77կգ), Գևորգ Պողոսյանը (94կգ) բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Սմբատ Մարգարյանը (56կգ) բավարարվեց փոքր բրոնզե մեդալով:

Եվրոպայի առաջնությունից հավաքականը 6 ծանրամարտիկների շնորհիվ վերադարձավ 7 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով:

Տղամարդկանց հավաքականի մարզիչ Պողոս Պողոսյանի խոսքով, հավաքականի անհաջող ելույթը բացատրվում է նրանով, որ առաջնությանը նա երկրորդ կազմն էր ներկայացրել. «Բոլորն էլ բավական հաջող ելույթ ունեցան, սպասումները չարդարացրին Էդգար Գևորգյանն ու Արթուր Բաբայանը: Աղասի Աղասյանը «հրում» վարժությունում 0 ստացավ, նա 77կգ քաշային կարգում իրենց լավ չի զգում և այսուհետ հանդես կգա 85կգ-ում: Սմբատ Մարգարյանը, որը շատ ուժեղ ծանրամարտիկ է, ամեն առաջնությունից առաջ ստիպված 5-6կգ է կորցնում, նա նույնպես քաշային կարգի հետ կապված խնդիր ունի»,- նշել է Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Առաջնությունից հետո ծանրամարտիկները մեկ շաբաթ կհանգստանան, այնուհետև կսկսեն մարզվել անձնական մարզիչների մոտ: Հունիսի սկզբին հավաքականը կհավաքվի Ծաղկաձորում և կսկսի պատրաստվել աշխարհի առաջնությանը. «Բոլոր ուժեղ մարզիկները, որոնք բաց են թողել Եվրոպայի առաջնությունը, ներկա կլինեն հավաքներին: Մենք ժամանակ ունենք, որպեսզի ծանրամարտի աշխարհի առաջնությունից առաջ շտկենք սխալները»:

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 5-13-ը Փարիզում: