Հայաստանը շահագրգռված է Անդրկովկասի երկաթուղային գծի Աբխազական հատվածի աշխատանքի վերականգնման մեջ եւ բոլոր ջանքերը կգործադրի դրան հասնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, «երկաթուղային գծի տվյալ հատվածի վերականգնումն անհրաժեշտ է ողջ Անդրկովկասին»: Միեւնույն ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ «Երեւանը պատրաստ է աջակցել վրաց-աբխազական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»: Հիշեցնենք, որ մարտ ամսին Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները պայմանավորվել էին աշխատանքային խմբեր ստեղծել աբխազական հատվածով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը լուծելու համար: Երկուշաբթի օրը Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն կրկին հայտարարեց, որ դա հնարավոր է միայն վրաց փախստականների Աբխազիա վերադառնալու գործընթացը սկսելուն զուգահեռ: