AM
11 Մայիս 2011 - 08:58 AMT

Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի Նիցցայի մրցաշարը և Փարիզի «Ռոլան Գարոսը»

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բաց է թողել Նիցցայի մրցաշարը և Փարիզի «Ռոլան Գարոսը»: Թենիսիստի ներկայացուցիչ Բերնարդո Բալյերոն բացատրել է դա նրանով, որ Նալբանդյանը ֆիզիկապես դեռ պատրաստ չէ մրցաշարերի:

«Վիրահատությունից հետո Դավիթը կավի վրա խաղի պրակտիկա չի ստացել և որոշել է հանդես չգալ այդ մրցաշարերում և շարունակել վերականգնումը: Այդպիսով, նա վերադառնալու է մեծ Տուր լավագույն մարզավիճակում»,- Բալյերոյի խոսքերը հաղորդում է Նալբանդյանի երկրպագուների պաշտոնական կայքը:

Բալյերոն նշել է, որ թենիսիստը վերադառնալու է կորտ հունիսին և մասնակցելու է Լոնդոնի «Queen's Club» մրցաշարին: Այն տեղի է ունենալու հունիսի 6-12-ը և, այսպես ասած, նախապատրաստական է լինելու Ուիմբլդոնից առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին: Թենիսիստի ներկայացուցչի խոսքերով, Նալբանդյանը խաղալու է նաև Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում, որտեղ Արգենտինայի հավաքականը հանդես է գալու Ղազախստանի հավաքականի դեմ: