AM
9 August 2003 - 14:48 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջեւ երեկ առաջին անգամ բողոքի ցույց է անցկացվել: Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի Դեմոկրատական եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Հեյդար Ալիեւից նրա որդի Իլհամին իշխանության «անօրինական» հանձնման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման առնչությամբ: Պիկետի մասնակիցներն ընդունել են բանաձեւ, որում Անկարային կոչ է արվում Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, գնահատական տալ «իշխանության զավթմանն» ու սատարել ժողովրդավարական ընտրություններին Ադրբեջանում: Միեւնույն ժամանակ ցուցարարները վանկարկել են. «Հեյդար` կեղծարար», «Իլհամ, հեռացիր»: Ընդդիմության ներկայացուցիչները պիկետել են նաեւ ԱՄՆ դեսպանատունը` իրենց բողոքը հայտնելով «պաշտոնական Վաշինգտոնի կողմից Ադրբեջանում իշխանության բռնատիրմանը փաստացի աջակցություն ցուցաբերելու դեմ»: Ցույցի բանաձեւում պահանջ է ներկայացվել արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունների գործողություններին քաղաքական գնահատական տալու վերաբերյալ: