ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ամենամյա ֆինանսական օգնության ծավալների կրճատումը պայմանավորված է Հայաստանի որոշակի տնտեսական հաջողություններով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրասիայի երկրներին հատկացվող ամերիկյան օգնության համակարգողի պաշտոնակատար Թոմաս Ադամսը: Նրա խոսքերով` 2004 ֆինանսական տարում Բուշի վարչակազմը մտադիր է 10 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվող օգնության ծավալները: Միեւնույն ժամանակ, նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Հայաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել բնակչության յուրաքանչյուր շնչին հասնող ամերիկյան օգնության չափերով: