AM
20 Մայիս 2011 - 04:29 AMT

2018-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կհայտարարվի հուլիսի 6-ին Դուրբանում ՄՕԿ նստաշրջանում

2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնել հավակնող Մյունխենի (Գերմանիա), Անսիի (Ֆրանսիա) և Պխենչխանի (Հարավային Կորեա) հայտերի պաշտոնական պրեզենտացիաները ներկայացվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի դատին: Թեկնածու քաղաքների պրեզենտացիաները տեղի են ունեցել Լոզանում (Շվեյցարիա), որտեղ գտնվում է ՄՕԿ կենտրոնական գրասենյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջին տարիներին մենք անձնվիրաբար աշխատում էինք, որպեսզի որքան հնարավոր է օբյեկտիվ դարձնենք գնահատման գործընթացը: Մենք հավատում ենք, որ այժմ այդ գործընթացն ավելի կատարյալ է դարձել»,- հայտնել է ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն:

2018-ի Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կհայտարարվի այս տարվա հուլիսի 6-ին Դուրբանում (ՀԱՀ) ՄՕԿ նստաշրջանում: Շատ մասնագետներ ֆավորիտ են անվանում Պխենչխանը, որը երրորդ ընտրություններին է մասնակցում անընդմեջ: Հարավկորեական հայտը քվեարկության վերջնական փուլին է հասել, սակայն կանադական Վանկուվերին զիջեց 3 ձայնով (53-ը 56-ի դիմաց), իսկ ռուսական Սոչիին` 4 (47-ը 51-ի դիմաց):