AM
25 Մայիս 2011 - 09:17 AMT

Մոսկվայում Մեծ սաղավարտի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն երեք ձյուդոիստներ

Մայիսի 26-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը մեկնելու է Մոսկվա, որտեղ մայիսի 28-29-ը մասնակցելու է Մեծ սաղավարտի խաղարկությանը: Մրցաշարում խաղարկվելու են վարկանիշային միավորներ 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը հաղորդել է, որ Մեծ սաղավարտում Հայաստանը կներկայացնեն աշխարհի բրոնզե մեդալակիր և աշխարհի գավաթակիր Հովհաննես Դավթյանը և Գոռ Հարությունյանը (երկուսն էլ 60ք/կ) և աշխարհի գավաթաակիր Արմեն Նազարյանը (66 ք/կ):

«Մրցաշարից հետո մեր մարզիկներն անցկացնելու են եռօրյա համատեղ հավաք 60 երկրների ձյուդոիստների մասնակցությամբ: Այնուհետև Հարությունյանը վերադառնալու է Հայաստան, քանի որ պատրաստվելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, իսկ Դավթյանը և Նազարյանը մեկնելու են Բուխարեստ»,- ասել է Գևորգյանը:

Բուխարեստում հունիսի 4-5-ը տեղի է ունենալու տղամարդկանց շարքում աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որից հետո հայ մարզիկները Բուխարեստի մոտ գտնվող օլիմպիական բազայում կրկին անցկացնելու են հավաք, այս անգամ քառօրյա: Դավթյանը և Նազարյանը Հայաստան են վերադառնալու հունիսի 9-ին:

«Ձյուդոիստները մի քանի օր հանգստանալու են, հետո մեկնելու են Ռիո դե Ժանեյրո, որտեղ հունիսի 18-19-ը տեղի է ունենալու հերթական վարկանիշային մրցաշարը»,- ասել է մարզիչը: