«Սևան» մարզական միության համաժողովը մայիսի 27-ին Արտաշատում կազմակերպել էր մարզական փառատոն: «Օլիմպիականները մեր շարքերում» մարզական փառատոնը նվիրված է մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրվան: Փառատոնին մասնակցում են 850 պատանի ու երիտասարդ մարզիկներ Արարատի մարզի տարբեր մարզական դպրոցներից: Փառատոնին մասնակցում է 10 մարզաձև, այդ թվում ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, բասկետբոլ, ֆուտբոլ, կառատե, թեթև ատլետիկա, շախմատ, մականախաղ:
Բացման արարողությանը ներկա էին «Սևան» գյուղական մարզական միության նախագահ Բազմասեր Առաքելյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և այլ պաշտոնյաներ:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանն ասել է, որ նման փառատոն առաջին անգամ է անցկացվում, որի նպատակն է մարզական ոգի սերմանել մարզերի դպրոցականների շրջանում:
«Մենք ցանկանում ենք, որ մարզերի երեխաները զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպ վարեն: Սկսել ենք Արտաշատից, սակայն մրցաշարեր ենք անցկացնելու բոլոր մարզերում: Մենք արդեն պայմանավորվել ենք Օլիմպիական կոմիտեի հետ և կազմել ենք մրցաշարարեի ժամանակացույց: Արդեն հունիսի 4-ին, կրկին Արտաշատում, տեղի կունենա ըմբշամարտի մրցաշար»,-ասել է Առաքելյանը:






