AM
24 Հունիս 2011 - 06:49 AMT

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Դրեզդենի «Դինամոյի» հետ ընկերական խաղում

Դոնեցկի «Շախտյորը» շարունակում է հավաքը Ավստրիայում և հունիսի 23-ին ընկերական խաղ է անցկացրել երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ Դրեզդենի «Դինամոյի» հետ: Ուկրաինական ակումբը հաղթել է 5:1 հաշվով, 61-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իրացնելով «հանքափորների» չորրորդ գոլը:

Հանդիպումից հետո Մխիթարյանը խոստովանել է, որ մրցակցի կոլեկտիվը շատ լավն էր: «Դինամոյականները գրագետ էին պաշտպանվում, քանի որ ծանոթ էին «Շախտյորի» կարողություններին և հասկանում էին, որ նրա հետ բաց խաղալը դժվար կլիներ: Երկրորդ գոլից հետո ամեն ինչ փոխվեց, մեր գործը թեթևացավ»,-Միխթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքէջը:

Ըստ կիսապաշտպանի, բաց թողած գոլը պատահական էր, սակայն դեռ պետք է ուսումնասիրել այդ դրվագը՝ հետագայում նման սխալներից խուսափելու համար: «Նման քննարկումը միայն օգտակար կլինի: Դա վերաբերում է ոչ միայն բաց թողած գնդակին, այլ նաև մի քանի խաղարկային պահերին»: