AM
2 Սեպտեմբեր 2011 - 15:58 AMT

Լավագույն հանգիստն ինձ համար Հայաստանում ընտանիքիս հետ հանգիստն է, և ես շատ եմ սիրում ծովային խոհանոց

(?)Քո կարծիքով ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն բռնքամարտիկը և ո՞վ է ամենալավը մեր օրերում:

(!)Ամենալավը Մայկ Թայսոնն է, որ հետ ես ընկերություն եմ անում: Ես մանկուց երազել եմ մենամարտել նրա դեմ, ցանկանում էի լինել նույնքան ուժեղ և ֆիզիկապես ամուր, ինչպես նա: Բայց, ցավոք սրտի, ես ցածրահասակ եմ և հանդես եմ գալիս թեթև քաշային կարգերում: Իսկ մեր օրերում շատ ուժեղ է Մեննի Պակյայոն, նա շատ խելացի բռնցքամարտիկ է:

(?)Շատ բռնցքամարտիկներ նկարահանվել են տարբեր ֆիլմերում և դարձել կենսագրական ֆիլմերի հերոսներ: Քեզ արվե՞լ են նման առաջարկություններ:

(!)Ինձ առաջարկել են նկարահանել փաստագրական ֆիլմ իմ մասին, իմ կարիերայի, մենամարտերի և ձեռքբերումների մասին: Տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից:

(?)Արի մի փոքր խոսենք քո անձնական կյանքի մասին: Հետաքրքիր է, թե ինչպես ես ծանոթացել կնոջդ հետ և ինչպես ես նրան առաջարկություն արել:

(!)Կնոջս հետ ծանոթացել եմ 2001-ին, երբ ինձ հրավիրեցին հանդես գալ Ավստրալիայում, որտեղ էլ մենք հանդիպեցինք Սիդնեյում՝ Opera house-ի մոտ: Եվ մեկ տարի հետո ամուսնացանք:

(?)Ո՞ր խոհանոցն ես նախընտրում և ի՞նչ ես սիրում ուտել:

(!)Շատ եմ սիրում ծովամթերք, Ավստրալիայում դրանք շատ տարածված են: Իհարկե, սիրում եմ նաև հայկական խոհանոց, գլխավորը, որպեսզի ուտելիքը համեղ լինի:

(?)Սովորաբար ռուսական ազգային խոհանոցից ինչպիսի՞ ճաշատեսակներ է պատրաստում կինդ:

(!)Պելմենի, բորշչ, ընդհանրապես նա շատ համեղ է պատրաստում:

(?)Քո տղան արդեն 4 տարեկան է, ո՞վ է սովորաբար զբաղվում նրա դաստիարակությամբ:

(!)Մենք երկուսս էլ զբաղվում ենք նրա դաստիարակությամբ: Ռուբենը շատ խելացի, բայց ամաչկոտ երեխա է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի նա լինի պարզ և շփվող մարդ: Ես այսպիսին եմ դարձել ծնողներիս շնորհիվ և ցանկանում եմ, որպեսզի նույն կերպ դաստիարակվի նաև իմ որդին:

(?)Ո՞վ է կինդ մասնագիտությամբ և ինչո՞վ է նա հիմա զբաղվում:

(!)Նա անգլերենի դասախոս է և այդ ժամանակ Ռուսաստանից եկել էր Ավստրալիա գիտելիքները կատարելագործելու համար, բայց այնտեղ մնաց հանուն ինձ: Հիմա նա չի աշխատում և զբաղվում է մեր որդու դաստիարակությամբ:

(?)Ո՞վ է քո ամենալավ ընկերը, ո՞վ է միշտ քո կողքին և միշտ օգնում է քեզ:

(!)Ես նման մի քանի ընկերներ ունեմ, ովքեր միշտ ինձ հետ են մենամարտերի ժամանակ: Նրանք երկու Արմեններն են Հայաստանից, Ջամալը՝ Լիբանանից, իմ մենեջեր Էլիասն Ավստրալիայից, և ես շատ ուրախ եմ, որ ես ունեմ նման նվիրված և հավատարիմ ընկերներ:

(?)Ինչպե՞ս քեզ կբնութագրես:

(!)Օյ, շատ է բարդ է խոսել սեփական անձի մասին: Ավելի լավ է այդ մասին հարցրեք ուրիշներին:

(?)Ավարտիր, խնդրում եմ, այս նախադասությունը. «Լավագույն հանգիստն ինձ համար, երբ…»

(!)Ես ընտանիքիս հետ Հայաստանում եմ:

(?)Դու երկրպագուներ ունես գրեթե բոլոր երկրներում, ի՞նչ կցանկանայիր ասել մարդկանց, ովքեր միշտ աջակցում են քեզ:

(!)Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Իմ կարիերայում եղել են նաև պարտություններ, բայց նրանք չեն լքել ինձ և շարունակել են հավատարիմ մնալ: Շնորհակալ եմ նրանց դրա համար:

(?)Մենք ավարտում ենք մեր զրույցը, և հիմա դու կարող ես ասել այն ամենը, ինչ ցանկանում ես կամ ինչի մասին հիմա մտածում ես:

(!)Ցանկանում եմ նվաճել առնվազն երեք գոտի և նոր պատմություն գրել բռնքամարտի մեջ: Բոլոր հայերին մաղթում եմ խաղաղություն, սեր և հաջողություն: Շնորհակալ եմ ձեզ հաճելի զրույցի համար:

Վիկ Դարչինյանի հարցազրույցի առաջին մասը