Սեպտեմբերի 2-ին Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը Մոսկվայում մեկնարկել են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարում: Մրցաշարն անցնում է «արագ» շախմատ մրցաձևում, առաջին օրը տեղի են ունեցել առաջին երեք տուրերը:
Խաղի ընթացքում հատուկ նախատեսված դադարների ժամանակ մասնակիցները մեկնաբանել են խաղը:
Լևոն Արոնյանն առաջին տուրում ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, երկրորդում զիջել է Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), իսկ երրորդում կրկին կիսել է միավորները այս անգամ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Առաջին օրից հետո տղամարդկանց առաջատարն է Անանդը 2 միավորով, Արոնյանը մեկ միավորով 4-րդ տեղում է:
Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը հաղթել է Վիկտորիա Չմիլիտեին (Լիտվա), հետո զիջել է Տատյանա Կոսինցևային (ՌԴ) և ոչ ոքի է խաղացել հնդկուհի Հումփի Քոներուի հետ: Դանիելյանը վաստակել է 1,5 միավոր և երկրորդ տեղում է, կանանց առաջատարն է Չմիլիտեն, որը 0,5 միավոր ավելի է վաստակել:
Սեպտեմբերի 3-ին տեղի կունենան հիմնական մրցումների վերջին հանդիպումները, հետո կկայանան բլից հանդիպումները. Արոնյանը հայտագրված է Դանիելյանի հետ, նրանց մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Կարլսենը և Քոներուն, Կոսինցևան ու Չմիլիտեն:






