AM
2 May 2003 - 17:23 AMT

ՎՈՒՈՒԱՄ-Ի ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Մայիսի 19-20-ը Թբիլիսիում կանցկացվի ՎՈՒՈՒԱՄ-ի անդամ-երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան եւ Մոլդովա) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինչպես հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Կախա Սիխարուլիձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն հուլիսի 3-4-ը Յալթայում կայանալիք ՎՈՒՈՒԱՄ-ի պետությունների ղեկավարների հերթական հանդիպման նախապատրաստման հետ կապված հարցեր: Նրա խոսքերով` ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հատուկ ուշադրություն կհատկացվի նաեւ հակաահաբեկչական համագործակցությանը: Կ. Սիխարուլիձեն նշել է, որ Վրաստանը մեծ հույսեր է կապում ՎՈՒՈՒԱՄ-ի հետ, «որի զարգացման հարցում լավատեսություն է ներշնչում ԱՄՆ կողմից ցույց տրվող ակտիվ աջակցությունը»: