06.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի նախագահին եւ բոլոր ադրբեջանցիներին հավաստիացնել, որ լիովին աջակցում ենք ազգային անկախության եւ տարածքային ամբողջականության համար ձեր արդար պայքարին»:
Այս մասին ասվում է չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւի նամակում` ուղղված Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին:
«Ռուս բռնակալներին պարտության մատնելուց հետո մենք լուրջ մտադրություն ունենք օգնել Ադրբեջանի մահմեդական ժողովրդին: Եվ մենք վստահեցնում ենք, որ այդ օրը հեռու չէ», գրում է Բասաեւը:
1999 թվականի ամռանը, նախքան Դաղստան ներխուժելը, չեչեն գաղափարախոս Մովլադի Ուդուգովը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ տված հարցազրույցում ասել էր. «Դաղստանից հետո իսլամական զինված խմբավորումները մտադիր են ազատագրել Ղարաբաղը»: –0–