Աշխարհի լավագույն թենիսիստները դժգոհ են մրցույթների խիտ ժամանակացույցից և կարող են մոտ ժամանակներս գործադուլ հայտարարել: Այդ մասին հայտնել է Էնդի Մարեյը (Անգլիա), որը ATP վարկանիշում չորրորդ տեղն է զբաղեցնում:
Վերջին տարիների ընթացքում համաշխարհային թենիսի որոշ աստղեր, այդ թվում` իսպանացի Ռաֆայել Նադալը, անդադար քննադատում են Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիային (ԱՏՊ) և Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF) ժամանակացույցը թեթևացնելու հարցում ցանկություն չցուցաբերելու համար, որի չափազանց ծանրաբեռնվածությունը հաճախ բարձրացնում է մարզիկների` վնասվածք ստանալու հավանականությունը:
«Ես խոսել եմ որոշ թենիսիստների հետ, և նրանք չեն վախենում գործադուլ հայտարարել: Հուսանք, որ բանը գործադուլին չի հասնի, սակայն մարզիկները դիտարկում են նման հնարավորությունը»,- Մարեյի խոսքն է մեջբերում mk.ru-ն:
Հոկտեմբերին թենիսիստները հանդիպում կանցկացնեն Շանհայում, որտեղ կքննարկեն թենիսային ղեկավարության վրա ճնշման հնարավոր միջոցները: Այն հարցին, թե արդյոք Չինաստանում կբարձրացվի գործադուլի կամ բոյկոտի թեման, Մարեյը դրական պատասխան է տվել:
2012 թվականին ATP օրացույցը կկրճատվի երկու շաբաթով, սակայն պարտադիր առաջնությունների (Մեծ Սաղավարտի չորս սերիա, ինը «Մասթերսներ» և որոշակի քանակությամբ մեկ կարգով ցածր մրցույթներ) քանակը չի կրճատվել:






