Շախմատի տղամարդկանց «Միկա» ակումբը շարունակում է վստահ ելույթները շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, որն անցնում է սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում:
Առաջնության երկրորդ տուրում հայկական թիմի մրցակիցն էր «KSK Eynatten 47» թիմը: «Միկայի» բոլոր շախմատիստները ՝ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ են տարել, միակ պարտությունը կրել է Հրանտ Մելքումյանը: «Միկան» հաղթել է 5:1 հաշվով և գրավում է 11-րդ տեղը:
«Միկայի» կանանց ակումբը 4:0 հաշվով հաղթել է «Oslo Schakselskap» թիմին, հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնովալին, Ժու Չենը և Լիլիթ Մկրտչյանը: Հայկական ակումբը վաստակել է 7,5 միավոր ու վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երրորդ տուրում տղամարդիկ կխաղան «Vesnianka Gran»-ի հետ, իսկ կանանց թիմը՝ «SHSM-RGSU» թիմի հետ:






