AM
15 September 2000 - 14:32 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՈՒՂՂՎԱԾ ՉԷ ՈՐԵՎ Է ԱԶԳԻ ԴԵՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋԵՅՄՍ ՌՈԳԱՆԸ

15.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է, եւ մենք պետք է ճիշտ դիրքորոշում ունենանք այս հարցում»: Այս մասին ասվում է Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Ջեյմս Ռոգանի ելույթի տեքստում, որով նա պետք է հանդես գար սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեում:
Ռոգանը Կոնգրեսի 398 Բանաձեւի համահեղինակներից մեկն է: Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:
Ռոգանը հիշեցրել է, որ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ հրեաների Հոլոկոստը պլանավորելով, Հիտլերը ասել էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերին»: Նրա խոսքերով, նույն հարցը այսօր կարելի է հղել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչներին:
«Տվյալ բանաձեւը ուղղված չէ որեւէ ազգի դեմ, եւ չի հետապնդում ԱՄՆ-ի մի դաշնակցին մյուսի դեմ լարելու նպատակը: Այն պարզապես կոչ է անում մեր կառավարությանը ճանաչել, որ 1915-ից 1923 թթ-ը 1,5 միլիոն հայեր սպանվել եւ արտաքսվել են»:
Ջեյմս Ռոգանը հատուկ նշել է, որ տվյալ Բանաձեւի ճանաչման կողմ են հադես գալիս ոչ միայն Կոնգրեսի այսպես կոչված Հայկական Խմբի անդամները: «Այս տարի կայացած Հոլոկոստին նվիրված գիտաժողովում նրա մասնակիցները հրապարակավ դիմեցին Արեւմուտքի երկրներին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտլու կոչով»,- ասել է կոնգրեսականը: –0–