AM
11 Հոկտեմբեր 2011 - 06:23 AMT

Արոնյանը «Մեծ սաղավարտի» 9-րդ տուրում հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի նկատմամբ

Հոկտեմբերի 10-ին Բիլբաո քաղաքում (Իսպանիա) կայացել է շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 9-րդ պարտիան:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր (Հնդկաստան): Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և կարողացել է հաղթանակ տանել` վաստակելով 3 միավոր:

Մնացած պարտիաներում Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) հաղթել է Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա), իսկ Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսը (Իսպանիա)` Հիկարու Նակամուրային (ԱՄՆ):

Հոկտեմբերի 11-ին կայանալու է վերջին 10-րդ տուրը: Արոնյանը խաղալու է Իվանչուկի, Անանդը` Վալյեhոյի, Նակամուրան` Կառլսենի հետ:

Արոնյանն ունի 11 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը, նույնքան միավոր ունի Նակամուրան, բայց լրացուցիչ արդյունքներով նա զբաղեցնում է 3-րդ տեղը: Իվանչուկը և Կառլսենը հավաքել են 14-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը: