AM
31 Օգոստոս 2000 - 15:12 AMT

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հաշվի առնելով Հունաստանի մեծ փորձը խաղաղարար ստորաբաժանումների համար կադրերի պատրաստման գործում` մեր զինված ուժերը Հայաստանին աջակցություն կցուցաբերեն խաղաղարար գումարտակի ձեւավորման գործում»:
Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարել է Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մանուսոս Պարայուդակիսը, որն այսօր ավարում է իր պաշտոնական այցը Հայաստան:
Պարայուդակիսը ասել է նաեւ, որ Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է Հունաստանի առավել արդունավետ աջակցության հարցը Հայաստանին` ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Հույն գեներալը նշել է նաեւ, որ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-հունական ռազմական կապերի ակտիվացման վերաբերյալ: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի խոսքերով, մոտ ժամանակներս հայ եւ հույն զինվորական փորձագետները երկու պետությունների ռազմական գերատեսչություններին կներկայացնեն համագործակցության կոնկրետ ծրագրեր` ռազմա-արդյունաբերական համալիրի բնագավառում: –0–