AM
17 Հոկտեմբեր 2011 - 06:04 AMT

Տիգրան Կիրակոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել սամբոյի աշխարհի առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը (52կգ), հաղթանակ տարավ իր բոլոր մենամարտերում և կարողացավ հասնել եզրափակիչ, սակայն եզրափակչում զիջեց և բավարարվեց աշխարհի առաջնության արծաթե մեդալով:

Մինչ այդ` հոկտեմբերի 14-ին, երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալների էին արժանացել Մաքսիմ Մանուկյանը (48կգ), Կարեն Տոնոյանը (62կգ), Մհեր Կարապետյանը (82կգ), իսկ աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին էր բարձրացել Հայաստանի միակ ներկայացուցիչ` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Պատանիների մրցելույթներում Գրիգոր Մխիթարյանը (48կգ), հաղթելով բոլոր գոտեմարտերում, երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալ ու պահպանել սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Աշխարհի առաջնությանը մասնակցում են 337 մարզիկներ 24 երկրներից: