AM
30 Օգոստոս 2000 - 11:52 AMT

ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՎ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ»` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օգոստոսի 29-ին ելեույթ ունենալով Նյու-Յորքում անցկացվող կրոնական «Հազարամյակի գագաթնաժողովում», հայտարարել է 1915 թվականի հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության մասին:
Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ եթե համաշխարհային հանրությունը ժամանակին իր վերաբերմունքը արտահայտեր Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի բնաջնջման կապակցությամբ, ապա Հիտլերը, պաստրաստվելով իրականացնել 6 մլն հրեաների ոչնչացումը, չէր ասի. «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:
«85 տարի անց Հայաստանը դեռեւս սպասում է 1915 թվականի հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որը կնշանակի արդարության հաղթանակ աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում` թուրքերի համար», – ասել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը: –0–