AM
20 Հոկտեմբեր 2011 - 05:53 AMT

«Շախտյորը» Չեմպիոնների լիգայում ոչ ոքի է խաղացել «Զենիթի» հետ

Հոկտեմբերի 19-ին Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս արենա» մարզադաշտում անցկացրել է Չեմպիոնների լիգայի 3-րդ խաղը։ Հենրիխ Մխիթարյանի թիմը ոչ ոքի է խաղացել «Զենիթի» հետ՝ 2։2, հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 67-րդ րոպեին։ «Շախտյորը» երկրորդ ոչ ոքիից հետո հավաքել է 2 միավոր և շարունակում է G խմբում զբաղեցնել վերջին տեղը։ Խմբի առաջատար է ԱՊՈԵԼ-ը, որն ունի 5 միավոր։

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո նշել է, որ ուրախ է, որ սաները մեկ միավոր են վաստակել։ «Զենիթն» արժանի էր հաղթանակի։ Նրանք մեծ ճնշում էին գործադրում մեր պաշտպանների վրա՝ ստիպելով նրանց սխալվել։ Նրանց անվստահությունը հաղորդվում էր հարձակվողներին»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է UEFA պաշտոնական կայքը։ Մարզիչը նշել է, որ ոչ ոքին նվազեցրել է խմբից դուրս գալու «Շախտյորի» շանսերը։

«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանու Սպալետին ասել է, որ իր ֆուտբոլիստները «կարողացան խաղը բարձր մակարդակով անցկացնել ինտենսիվության, ռիթմի, վարպետության տեսանկյունից»։