Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցնում է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, հանդիպել է Անդորրայի հավաքականի հետ:
Մինչ այդ հայ ֆուտբոլիստները իրենց ակտիվում ունեին 3 միավոր, առաջին խաղում նրանք հաղթեցին Սլովակիային 2:1 հաշվով, իսկ հետո զիջեցին Հունաստանին:
Առաջին իսկ պահից Վարազդատ Ավետիսյանի սաները հարձակման անցան: Նրանք բազում վտանգավոր պահեր ստեղծեցին Անդորրայի հավաքականի դարպասի մոտ, սակայն գոլ հաջողվեց խփել միայն 82-րդ րոպեին: 11-մետրանոցը հստակ իրացրեց Աղվան Պապիկյանը՝1:0:
Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր և, գրավելով 2-րդ տեղը 10-րդ խմբում, դուրս է եկել Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ:
Հունաստանն ու Սլովակիան ոչ ոքի խաղացին՝ 1:1: Հունաստանը վաստակեց 7 միավոր և ելույթներն ավարտեց առաջին տեղում: 2012թ. գարնանը էլիտ ռաունդում կխաղան յուրաքանչյուր ընտրական թիմից երկուական հաղթողներ և երրորդ տեղը զբաղեցրած այն թիմը, որը լավագույն ցուցանիշները կունենա քառյակի երկու ուժեղագույն թիմերի հետ խաղերում: Եզրափակիչ փուլում Էստոնիայում տան տերերից բացի ներկայացված կլինեն ևս 7 հավաքականներ:






