AM
14 August 2000 - 15:12 AMT

ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

14.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 9-12-ին Բուենոս Այրեսում անցկացվեց «Հայոց ցեղասպանության մասին առաջին միջազգային հանդիպում» խորագիրը կրող միջոցառումը:
Այն կազմակերպել էր «Այլեւս երբեք» հիշողության ինստիտուտ-թանգարանը եւ Բուենոս Այրես քաղաքի կառավարության մշակույթի քարտուղարությունը: Կազմակերպիչների կողմից միջոցառմանը հրավիրվել էին ամերիկահայ պատմաբան, պրոֆեսոր Վահագն Դադրյանը եւ Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:
Հյուրերը հանդիպեցին Հրեական ցեղասպանության հիշատակի հիմնադրամի անդամների, ինչպես նաեւ Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով արդարադատության փոխնախարար Տկն. Դիանա Կոնտիի հետ:
Հանդիպումներում հյուրերը ներկայացրեցին միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ պատմության այդ տխուր էջերի պահպանման համար թանգարանների, մասնավորապես Երեւանի ցեղասպանության թանգարանի դերը:
Արգենտինայի պաշտոնյաներն իրենց հերթին խոստացան աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության` որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման փաստի ճանաչման հարցում, մասնավորապես նրա մասին տեղեկության տարածմամբ:
Բուենոս Այրեսի օրեսդիր մարմնի Ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ նաեւ «Հայոց ցեղասպանության պատմական դրվագը» խորագրով ձեռնարկ` խտրականության, օտարատյացության եւ ռասիզմի դեմ ինստիտուտի տնօրեն Էովսենիո Սաֆատոնիի, Լավրենտի Բարսեղյանի, Վահագն Դադրյանի եւ արգենտինահայ պատմաբան Պասկուալ Օհանյանի մասնակցությամբ: Վերջին երեքին Բուենոս Այրեսի կառավարության կողմից հանձնվեցին պատվո դիպլոմներ` հռչակելով նրանց քաղաքի «պատվո հյուրեր»:
Բուենոս Այրես քաղաքի Ռեկոլետա մշակութային կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան «Հայոց ցեղասպանության պարբերական թաքցնումը եւ Հիշողության քաղաքականությունները» թեմայով: Օրվա բանախոսները հանդիսացան Լավրենտի Բարսեղյանը եւ Վահագն Դադրյանը: –0–