AM
3 Նոյեմբեր 2011 - 07:03 AMT

Google-ը թողարկել է Gmail ծրագիր iOS սարքերի համար

Google ընկերությունը թողարկել է Gmail ծրագիր iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի` iPhone-ների, iPad-ների և iPod-ների համար։ Սակայն թողարկումից մի քանի ժամ անց պարզվել է, որ այն պարունակում է ծրագրային սխալ։ Google-ի պաշտոնական բլոգը գրել է, որ աշխատում է այն կարգավորելու ուղղությամբ և շուտով հնարավոր կլինի հանգիստ օգտագործել ծրագիրը։

Google-ն այս iOS ծրագրի մեջ միավորել է Gmail-ի վեբ-տարբերակի և iOS օգտագործողների սիրելի ֆունկցիաները։ Օգտագործելով ծրագիրը` օգտագործողները նոր նամակի մասին ծանուցումներ են ստանում ձայնային տեսքով։ Նրանք կարող են վերբեռնել նկարներ, որոնում կատարել նամակներում և հասցեներում։ iPad-ի տարբերակով հնարավոր է կարդալ նամակները split տարբերակով (երկփեղկ)։

Ծրագիրը հնարավորություն է տալիս դիտել կարևոր նամակները Priority Inbox-ի միջոցով և կարգավորել դրանց արխիվացման, առանձին թղթապանակների ստեղծման, նշման, ջնջելու միջոցներով։

Google-ը օպտիմիզացրել է ծրագրի ինտերֆեյսը iOS սարքերի համար։ Օգտագործողները մեկ հպումով կարող են կատարել մի շարք հրամաններ։ Մատով հպել-իջեցնելով ներքև` ծրագիրը թարմանում է, աջ հպելով օգտագործողը տեսնում է պիտակները (labels)։

Gmail iOS ծրագիրը հասանելի է App Store-ում. Այն աշխատում է iOS 4 և ավելի բարձր տարբերակների համար։