Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին մրցափուլում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթել է Ավստրիային:
Վերջին պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Ռոբերտ Կրեիսլի նկատմամբ: Մինչ այդ Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի էր ավարտել պարտիան Մարկուս Ռագգերոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտության են մատնել համապատասխանաբար Դավիթ Շենգելիային և Ստեֆան Քինդերմանին:
Կանանց հավաքականն առայժմ հավասար պայքար է մղում Չեխիայի հետ` 1:1: Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը շարունակում են խաղալ:
Առաջնությունը տեղի կունենա 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-ից 11-ը:






