Հունական Պորտո Կարաս հանգստավայրում շարունակվում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը: Հավաքականները մրցաշարում արդեն չորս տուր են անցկացրել: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9,5 միավոր է վաստակել և 9-րդ տեղում է: Չորրորդ տուրում հայ շախմատիստները 3:1 հաշվով հաղթանակ տարան Խորվաթիայի նկատմամբ:
5-րդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի Դանիան, որը 9 միավորով 14-րդ տեղում է: Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով իջել է 11-րդ տեղը: Չորրորդ տուրում հայ շախմատիստուհիները 1:3 հաշվով առաջին պարտությունը կրեցին Վրաստանից: Հաջորդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին կհանդիպի Սլովենիայի հետ, որը 10,5 միավորով 7-րդ տեղում է:
Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական:
Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:






