AM
24 Ապրիլ 2003 - 16:19 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՍԱԿԱՅՆ ՁԵՌՆՊԱՀ ԵՆ ՄՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ

Վրաստանի խորհրդարանը ցավակցում է հայ ժողովրդին անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգության առնչությամբ, սակայն աննպատակահարմար է գտնում Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Վրաստանի խորհրդարանականների մի մասն այդպես է արձագանքել երկրի հայ համայնքի կողմից խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին հասցեագրված խնդրագրին, որում առաջարկվում է Վրաստանի խորհրդարանի քննարկմանը դնել Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու հարցը: Ինչպես հայտարարել է «Հանուն ժողովրդավարական բարենորոգումների շարժում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Կոտե Կեմուլավիան, դա ոչ թե իրավական, այլ բարոյական խնդիր է: «Ավանդապահ» խմբակցության քարտուղար Ալեքսանդր Շելամբերիձեի կարծիքով, «հարկավոր է արժանին մատուցել բոլոր անմեղ զոհերին, սակայն պետք է հաշվի առնել, որ դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմի խառը ժամանակներում»: Վրաստանի խորհրդարանի քաղաքացիական ինտեգրման եւ ազգային փոքրամասնությունների հարցերի կոմիտեի նախագահ Բեսարիոն Լագվիլավան նշել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից նման երեւույթների գնահատումը կարող է արտահայտվել միայն որպես հետագայում նման գործողություններ թույլ չտալու կոչ: Մինչդեռ, ապրիլի 23-ին Թբիլիսիի կինոյի տանը տեղի է ունեցել կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի շնորահանդեսը, որի ցուցադրումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 88-րդ տարելիցին: Ցուցադրմանը ներկա են գտնվել Վրաստանի պետական գրասենյակի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: