13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 13-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2001 թվականի արտաքին գործողությունների վերաբերյալ ֆինանսական օրինագծին, որը նախատեսում է միջոցների հատկացում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «վստահություն հաստատելու միջոցառումների» համար:
Ներկայացուցիչները պալատը նաեւ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարին` առաջարկելով նշանակել բարձաստիճան հատուկ բանագնաց, որը «կնպաստի ուղղիղ բանակցություններին` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նպատակով»:
Օրինագիծը ուժի մեջ է թողնում 907-րդ ուղղումը, որը արգելում է ԱՄՆ-ի կառավարության ֆինանասական աջակցությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչեւ Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը:
Օրինագծի համաձայն, 2001 թվականին նախկին խորհրդային հանրապետություններին կհատկացվի 740 մլն դոլարի օգնություն: Հայաստանին կտրամադրվի ընդհանուր գումարի 12,5 տոկոսը` 92.5 մլն դոլար:
Կոնգրեսական Ջոն Փորթերը ընդգծել է ամերիկյան հատուկ բանագնացի նշանակման անհրաժեշտությունը: «Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերսկսել են ուղիղ բանակցությունները, հույս ունեմ, որ Միացյալ Նահանգները կանեն ամեն բան` նպաստելու տարածաշրջային խաղաղության հաստատմանը»: Կոնգրեսական Ֆրենք Փալոնեն նշել է, որ չնայած այն բանին, որ 2001 թվականին ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը ԱՊՀ պետություններին զգալիորեն կրճատվել է, Հայաստանի կհատկացվի ավելի մեծ գումար, քան նախորդ տարի: «Չնայած ներքին եւ արտաքին դժվարություններին` Հայաստանը շարունակում է ժողովրդավարության եւ շուկայական բարեփոխումների ուղին», – ասել է Փալոնեն:
Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացնելուց հետո օրինագիծը կհամաձայնեցվի Սենատի տարբերակի հետ, որից հետո այն կներկայացվի ԱՄՆ նախագահին: Հունիսի 22-ին Սենատի կողմից հավանության արժանացած օրինագիծը նախատեսում է «ոչ պակաս, քան 89 մլն. դոլարի ֆինանսական օգնություն Հայաստանին»: –0–