AM
17 Նոյեմբեր 2011 - 05:12 AMT

Թաուերյան կամուրջը նոր տպավորիչ լուսավորություն կստանա 2012 թվականի Օլիմպիադայի կապակցությամբ

Լոնդոնի խորհրդանիշներից մեկը` Թաուերյան կամուրջը նոր տպավորիչ լուսավորություն կստանա 2012 թվականի Օլիմպիադայի կապակցությամբ:

Բրիտանական մայրաքաղաքի իշխանությունները հավանություն են տվել լուսադիոդային լուսավորման նոր համակարգի տեղադրմանը, որը կաշխատի մոտակա 25 տարիների ընթացքում, հաղորդում է rosbalt.ru-ն:

Հայտնի կամուրջն իր գոթական աշտարակներով, հետիոտնային պատկերասրահներով և բնորոշ շղթաներով 2012թ. ամռանը կզարդարվի լուսարձակող օլիմպիական օղակներով և Պարալիմպիական խաղերի խորհրդանիշներով:

GE ընկերության կողմից իրականացվելիք նախագիծը կարող է կամրջի լուսավորության համար ծախսվող էներգիան կրճատել 40 տոկոսով, ինչպես նաև շահավետ կերպով կընդգծի կամրջի գեղեցկությունը գիշերային ժամերին: Լուսավորման հնացած համակարգի փոխարինման աշխատանքները ծրագրվում է սկսել մոտ ժամանակներս: