Թուրքիայի 60-հազարանոց հայկական համայնքը մտադիր է օգտվել Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման գործընթացում իրականացվող օրենսդիր բարեփոխումներից եւ բացել Ստամբուլում հայկական FM ռադիոկայան: Համաձայն թուրքական «Ակշամ» թերթի, տվյալ նախաձեռնությունը պատկանում է Ստամբուլում հրատարկվող «Ակոս» հայկական շաբաթաթերթին: «Մեր նպատակն է պահպանել հայ մշակույթը»,- հայտարարել է «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած ռադիոկայանի հիմնադրման համար անհրաժեշտ է մոտ 150 հազար դոլար, սակայն նա գտնում է, որ իրենց նախագիծը կիրականանա արդեն գալիք տարում: Ուշագրավ է, որ ի պատասխան Թուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհրդին ներկայացված տվյալ նախաձեռնությանը, «Ակոսի» խմբագրակազմին հայտնել են, որ հայկական ռադիոկայան ունենալու իրավունքն ամրագրված է 1923 թ-ի Լոզանի համաձայնագրով: Իսկ վերջին փոփոխությունները, պարզաբանել են այնտեղ, վերաբերում են միայն Թուրքիայում բնակվող քրդերին, որոնք համաձայնագրում հիշատակված չեն: