AM
26 December 2003 - 14:22 AMT

«ԳԱԶՊՐՈՄԸ» ՄՏԱԴԻՐ Է ԴՈՒՐՍ ՄՂԵԼ «ԻՏԵՐԱՅԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՅԻՑ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բանակցություններ է վարում իր նոր գործընկեր հունգարական «Eural Trans Gas» միջնորդական ֆիրմայի հետ` 2004 թվականին Հայաստան եւ Ադրբեջան բնական գազի մատակարարումների վերաբերյալ: Այդ մասին այսօր տեղեկացնում է մոսկովյան «Վեդոմոստի» թերթը` վկայակոչելով «Գազպրոմի» աղբյուրները: Համաձայն թերթի` իր գոյատեւման մեկ տարվա ընթացքում «Eural TG» ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը կազմում է ընդամենը 12000 դոլար, ֆանտաստիկ բիզնես ծավալեց: Այդ ժամանակահատվածում «Գազպրոմը» «Eural»-ին զիջեց Ուկրաինայի գազի շուկան եւ Լեհաստանի ու Սլովակայի շուկաների մի մասը: Իսկ գալիք տարում «Eural TG»-ի ձեռքբերումներին կարող են ավելանալ նաեւ Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի շուկաները, որտեղից «Գազպրոմը» շարունակում է հետեւողականորեն դուրս մղել «Իտերային»: Հիշեցնենք, որ այսօր գազի մատակարարումը Հայաստան իրականացնում են «Գազպրոմ» եւ «Իտերա» ընկերությունները 50/50 տոկոսային հարաբերակցությամբ: