AM
25 December 2003 - 16:33 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԱՆՕՐԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մահվան կապակցությամբ երկրում չեղյալ է հայտարարվել Ամանօրը, գրում են ռուսական ԶԼՄ-ները: Աղբյուրների համաձայն, շարունակվող 40-օրյա սուգի կապակցությամբ մշակույթի շատ գործիչներ հանդես են եկել ամանօրյա հեռուստահաղորդումները չցուցադրելու օգտին: Հեռուստաալիքները շտապ կարգով փոխում են ամանօրյա հեռարձակման ցանցը, փոփոխություններ են մտցնում զվարճալի հաղորդումների սցենարներում: Միեւնույն ժամանակ Բաքվի քաղաքապետարանը որոշել է չանցկացնել ավանդական տոնածառներ երեխաների համար: Նախատոնական հոգսերի փոխարեն, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, տարբեր մակարդակի պաշտոնյաները մրցում են, թե ով ավելի լավ կհավերժացնի հանգուցյալ նախագահի հիշատակը: Այդպես, շաբաթվա սկզբում Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը առաջարկել է Ադրբեջանը վերանվանել Հեյդարստան, իսկ ադրբեջանցիներին` հեյդարցիներ: Իսկ Ադրբեջանի Պետական նավթային ընկերության ղեկավարությունը հավանություն է տվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Ալիեւ-ավագի անունով կոչելու առաջարկին: Արդեն որոշված է, որ 100 հազար մանաթ արժողությամբ ամենախոշոր ադրբեջանական թղթադրամի վրա կլինի նրա պատկերը: