Ռուսական բանակի հայտարարված վերազինումը անպայմանորեն կանդրադառնա Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) գծով նրա գործընկերների վրա: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Ռեգնում» գործակալությանը: Որպես հաստատում իր խոսքերի նա նշել է, որ դեռեւս երկու տարի առաջ ՀԱՊ-ի մասնակիցները ստորագրել էին արտոնյալ ձեւով սպառազինության ձեռք բերման շուրջ համաձայնագիր: Ս.Սարգսյանի խոսքերով` թեեւ հենց Ռուսաստանում գործընթացը լիովին կանոնակարգված չէ, այդուհանդերձ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հետ վերջին հանդիպման ընթացքում հայտարարել է, որ այդ դրույթները կսկսեն գործել 2004 թվականի հունվարի 1-ից: «Այսինքն, ՀԱՊ մյուս անդամների հետ հավասար Հայաստանն իրավունք կունենա Ռուսաստանից գնել սպառազինություն, ռազմական տեխնիկա եւ ռազմամթերք նույն պայմաններով, ինչ որ ռուսական բանակը: Այնպես որ, եթե հայկական կողմը միջոցներ ունենա, կունենա նաեւ ժամանակակից սպառազինություն», – ասել է նախարարը: Ընդսմին նա ընդգծել է, որ Ադրբեջանը բարոյական եւ իրավաբանական իրավունք չունի Ռուսաստանից նեղանալու` Հայաստանին արտոնյալ հիմունքներով սպառազինություն մատակարարելու համար: «Այստեղ ամեն ինչ պարզ է` եթե կա ցանկություն` խնդրեմ, եկեք ՀԱՊ եւ օգտվեք նույն արտոնություններից»,- ասել է Ս.Սարգսյանը: