AM
19 December 2003 - 14:46 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Չեչնյայում նախօրեին կալանվել է «չեչենյան ճակատի մարտիկ», որի պնդմամբ Ադրբեջանում գործում է գրոհայիններին ֆինանսավորող հիմնադրամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՌԴ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը (ՏՕՇ): Շտաբի տվյալներով` այդ տեղեկատվությունը ստացվել է նախօրեին ձերբակալված ոմն Ռիզվանից, որն անօրինական զինված խմբավորումների ակտիվ անդամ է եւ գրոհայինների ֆինանսավորման մասնակից: Նա հաստատում է, որ ներկայումս Բաքվում գործում է այսպես կոչվող «Ասսալամ» իսլամական հիմնադրամը, որը ֆինանսավորում է Չեչնյայի Վեդենոյի եւ Նոժայ-Յուրտի շրջաններում գործող մի քանի հրոսակախմբեր: «Բացի այդ, հիմնադրամը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Բաքվում ժամանակավորապես բնակվող եւ բուժվող գրոհայիններին»,- տեղեկացնում է ՏՕՇ-ը` վկայակոչելով կալանավորված գրոհայինի ցուցմունքները: Նրա տվյալներով` հիմնադրամը ղեկավարում են ազգությամբ արաբներ ոմն Աբու-Ռաբին եւ Խիմկեթը, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը: Ներկայումս, գրոհայինի ցուցմունքների հիման վրա, օրինապահ մարմինները նախատեսում են այդ հրոսակախմբի անդամների կալանավորման եւ բացահայտված ֆինանսավորման աղբյուրի վերացման միջոցառումներ: Մինչդեռ, Ադրբեջանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման բաժնի ղեկավար Ֆազիլ Մամեդովը հայտարարել է «Նովոստի» գործակալությանը, որ իրոք 2000 թվականին «Ասսալամ» հիմնադրամի ներկայացուցիչները գրանցման համար դիմել են Ադրբեջանի արդարադատության նախարարություն, սակայն նրանց մերժվել է: Իր հերթին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Զերկալո» թերթը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ղեկավար Նամիկ Աբբասովը լրագրողների հետ զրույցում վերոհիշյալ տեղեկատվությունը չի հաստատել, եւ ոչ էլ հերքել է` հայտարարելով, որ մտադիր է զբաղվել այդ հարցի հետաքննությամբ: