Ժողովրդավարների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Ուէսլի Քլարքը կոչ է արել Վաշինգթոնին վճռականություն ցուցաբերել` ուղղված ապագայում մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների , ինչպիսին եղել է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, կանխմանը: Ինչպես նշում է գեներալը ամերիկահայ համայնքին ուղղված բաց նամակում, «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն էր»: Այդ երկրի իշխանությունները «հավաքել են Կոնստանդնապոլիսում եւ այլ քաղաքներում ու մահապատժի ենթարկել հայ առաջնորդներին, սրբապղծել են հայ եկեղեցիները եւ հրամայել վտարել հայերին», գրում է Ու. Քլարքը: Նրա կարծիքով` հարգելով ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակը, ինչպես նաեւ նրանց, ովքեր այդ ամենի միջով անցնելով հասել են ԱՄՆ եւ մահացել այստեղ` ամերիկյան հասարակությունը պարտավոր է չմոռանալ նման հանցագործությունները եւ ամրապնդել իր հավատարմությունը ապագայում նման հանցագործությունների կանխմանը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: