AM
13 December 2003 - 14:16 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ՅՈԹ ՀՈԳԻ

Վրաստանի նախագահական ընտրություններում պաշտոնապես գրանցվելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները Կենտրանական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել 7 թեկնածու: Դրանք են` իշխող «Ազգային շարժում» եւ «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքների միասնական թեկնածու Միխաիլ Սահակաշվիլին, Վրաստանի պետանվտանգության նախկին ղեկավարի կինը` Քեթեվան Գեորգաձեն, Իմերեթիի շրջանում նախագահի նախկին լիազոր եւ Սահակաշվիլու առավել ռեալ մրցակից Թեյմուրազ Շաշիաշվիլին, Քարթլոս Ղարիբաշվիլին («Վրաստանի փաստաբանների միություն»), Ռոին Լիպարտելիանին («Դավիթ Շինարարի ընկերություն»), Զուրաբ Քելեխսաշվիլին («Մձլեվելի» քաղմիավորում) եւ Զազա Սիխառուլիձեն («Աստծո որդիների միություն»): Հինգ օրվա ընթացքում ԿԸՀ-ն կստուգի նախագահության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայությունը եւ դեկտեմբերի 17-ին համապատասխան որոշում կընդունի: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ նախագահի թեկնածու գրանցվելու մասին դիմում էին ներկայացրել 15 հոգի, որոնցից երկուսը նախօրեին հանել են իրենց թեկնածությունները, մնացած 6 հոգին չեն ներկայացրել իրենց կողմնակիցների ստորագրությունները: Վերջիններիս թվում էր նաեւ թիֆլիսահայ Յուրի Մկրտումյանը: Նշենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2004 թվականի հունվարի 4-ին: